Գագաթնաժողովն անցկացնելով՝ ՀՀ-ի դիրքն էլ ավելի ամրապնդվեց ՖՄԿ ընտանիքում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում ՀՀ-ում կանցկացվեն միջոցառումներ
Մեր հիշողությունների մեջ թարմ են մնացել Հայաստանի հյուրընկալած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, և բոլորս հիշում ենք այն մեծ տոնախմբությունը, որը կազմակերպվել էր ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ նշելով, որ ՖՄԿ գագաթնաժողովը մեծ հաջողություն էր թե՛ ՀՀ-ի, թե՛ ՖՄԿ-ի համար:
«Մեծ տոնախմբություն էր այն նաև ողջ հայ հանրության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում կազմակերպված գագաթնաժողովի առիթով Ֆրանկոֆոնիան տարածվել է տարածաշրջանում:
«Հայաստանի դիրքն էլ ավելի ամրապնդվեց ՖՄԿ-ի ընտանիքում»,- ասաց նա:
Ըստ դեսպանի՝ առաջիկա ամիսներին՝ մարտին և ապրիլին, ֆրանկոֆոն մշակույթները կրկին ուշադրության կենտրոնում կլինեն, և դա կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան՝ մարտի 20-ի մոտակա օրերին աշխարհում կազմակերպվող միջոցառումների շրջանակում: Հայաստանում միջոցառումները կտևեն մեկ ամիս՝ մարտի 11-ից ապրիլի 12-ը:
Ջոնաթան Լաքոտը ներկայացրեց նաև միջոցառումներից ցանկը. ծրագրի բացումը տեղի է ունենալու մարտի 11-ից 18-ը՝ Մոսկվա կինոթատրոնում՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների կազմակերպած ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով: Փառատոնը կներկայացնի ժամանակակից և բազմաժանր ծրագիր: Բացման արարողությանը հանդիսատեսը կարող է դիտել ֆրանսիական հեղափոխության մասին պատմող դրաման՝ Պիեռ Շոլլերի «Ժողովուրդը և իր արքան» ֆիլմը:
Ըստ դեսպանի՝ միջոցառումներից է նաև մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված օրերը՝ «Gout de France» խորագրով միջոցառումը: Նախատեսվում է նաև ֆրանսերեն լեզվի մրցույթ, որի շրջանակում կտրվեն տարբեր մրցանակներ, այդ թվում՝ ֆրանսերենի մասնագիտացմամբ ուսանողների կատեգորիայում լեզվի ստաժ Ֆրանսիայում:
Բացի այդ, մարտի 28-30 Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: Նախատեսվում են այլ միջոցառումներ ևս:
Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ-ի միջև համագործակցությամբ: Կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հասարակությունների ազդեցությունը արհեստական բանականության վրա, մետատվյալների նշանակությունը կայուն զարգացման համար և կիբերանվտանգության մարտահրավերները:
«Ցանկանում ենք կրկնապատկել Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը, ցույց տալ, որ ֆրանսերենը ներկա է բոլոր ոլորտներում, և որպես այդ ամենի շարունակություն, մեր շուրջը համախմբել մարդկանց նոր խմբերի, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր դերը ամրապնդել ՖՄԿ-ում»,- ասաց նա:
Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ դառնալով ՖՄԿ անդամ, անկացնելով գագաթնաժողովը՝ ՀՀ-ն դարձավ ռազմավարական ժառանգության կրողը: «Սա ռազմավարական ընտրություն է, որն ապացուցում է, որ Հայաստանը որոշում է կայացրել, որ ցանկանում է դառնալ անդամ մի ընտանիքի, որը արժեհամակարգ է ստեղծում»,- ասաց նա: