Այն, ինչ մենք տեսանք երեկ, լուրջ է, քանի որ կիրառվել է ռազմական ուժ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Կերչի նեղուցի միջադեպի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Կերչի նեղուցի միջադեպի հետ կապված ռուս-ուկրաինական նոր ճգնաժամը, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր գործողությունները ունենալու են համապատասխան հետևանքներ, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը խուսափել է լրագրողների այն հարցից, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է հստակ քայլեր ձեռնարկել Կերչի նեղուցի ճգնաժամի հետ կապված, թե ոչ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայի իշխանությունների հետ:
«Ուկրաինան ներկայացրել է ՆԱՏՕ-ին նախօրեին տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները: Այն, ինչ մենք տեսանք երեկ, լուրջ է, քանի որ կիրառվել է ռազմական ուժ», - ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ Ուկրաինայում ռազմական դրության սահմանումը չազդի այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների ընթացքի վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Այսօր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մանրամասն զեկույց է ներկայացրել Կերչի նեղուցի միջադեպի առնչությամբ, որում նշվել է, որ ուկրաինական նավերը չեն ենթարկվել կանգ առնելու պահանջին, ինչպես նաև կապի դուրս չեն եկել ռուսական կողմի հետ: ՌԴ ԱԴԾ-ն նաև հայտնել է, որ ռուսական կողմը նախազգուշացրել է ուկրաինական կողմին պահանջը չկատարելու դեպքում կրակ բացելու մասին: