Պուտինը ստորագրել է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի դեմ ամիսներ շարունակ ցույցեր էին ընթանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:
«Նախագահ Պուտինն ստորագրել է կենսաթոշակների վճարման հարցով առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ սահմանելու մասին դաշնային օրենքը, որը Պետդուման ընդունել էր սեպտեմբերի 27-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Պուտինը չի հետաձգի իր որոշումը՝ կապված կենսաթոշակային օրենքների ընդունման հետ:
Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է կենսթաշակային տարիքը տղամարդկանց համար 60-ից բարձրացնել 65-ի, կանանց համար 55-ից 60-ի: Իսկ անաշխատունակ քաղաքացիները սոցիալական թոշակ ստանալու իրավունք կունենան 70 և 65 տարեկան հասակում: Մինչ այս տղամարդիկ նման թոշակ կարող էին ստանալ 65 տարեկանից, կանայք՝ 60 տարեկանից:
Հիշեցնենք, որ երկրում ամիսներ շարունակ զանգվածային բողոքի ցույցեր էին ընթանում՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: