Քաղաքական ճգնաժամ, թշնամիներ չկան, որ հերոսաբար հաղթեք. Արմեն Ռուստամյանը՝ իշխանություններին (տեսանյութ)
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հարցով այս պահին պայմանավորվածություն գոյություն չունի, որևէ մեկն արտահերթին դեմ չէ, խոսքը միայն ժամկետների մասին է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերի մեջ, մեր համոզմամբ՝ պետք է կատարենք քայլեր, որոնք, ըստ էության, վարչապետն էլ է ընդունում, մասնավորապես՝ գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչն, առնվազն, ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը», - ասաց Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով նաև քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չի տեսնում, նույնիսկ նախկինում կառավարության բերած նախագծերն այսքան սահուն չեն ընդունվել:
Արմեն Ռուստամյանի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ անընդհատ թշնամու կերպար են ստեղծում, որ հերոսի կերպարով մոբիլիզացվեն և հաղթեն:
«Թշնամու կերպար եք ստեղծում, մտածում եք՝ ժողովրդին էս վիճակից կարող եք ազատել, ժողովուրդ, որ մեկը մյուսի մեջ թշնամի է տեսնում՝ իմ հետ չես, ուրեմն իմ թշնամին ես սկզբունքով, սա կարողանալո՞ւ ենք հաղթահարել», ասաց Ռուստամյանը: