Վրաստանն ԱՄՆ-ից 500 հազար դոլար է ստացել «ոչ բարեկամական երկրների» քարոզչության դեմ պայքարի համար
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի կառավարությանը 500 հազար դոլար է հատկացրել քարոզչության դեմ պայքարի համար, որն իրականացնում են Վրաստանի ոչ բարեկամական երկրները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտնում է interfax.ru-ն:
«Մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ մշակել ենք մեր ոչ բարեկամական երկրների կողմից այդ ագրեսիվ քարոզչությանը դիմադրելու համար գործողությունների շատ կարևոր ծրագիր: Պետքարտուղարության հատկացրած միջոցները կուղղվեն մեր ռազմավարական հաղորդակցությունների ամրապնդմանը»,- ասել է Բախտաձեն:
Նրա խոսքով՝ միջոցները կփոխանցվեն Վրաստանում գործող ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնին, դրանք կնպաստեն բնակչությանը «եվրատլանտյան ինտեգրման բարիքների մասին» իրազեկելուն: