Ուղևորափոխադրում իրականացնելու գումարը 1 ամիս առաջ վճարել են, սակայն պատկան մարմինները թույլտվությունը դեռևս չեն տալիս․ ակցիա Կառավարության դիմաց (տեսանյութ)
Միջպետական փոխադրումներ կատարողներն այսօր ակցիա իրականացրին Կառավարության շենքի դիմաց։
Նրանք չեն կարողանում ուղևորափոխադրում իրականացնել դեպի ՌԴ։
«Տուր սերվիզ» ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խնդիրը նոր չէ, քանի որ ամեն ինչ սկսվել է 5 ամիս առաջ, երբ ապրիլի 27-ին ուժի մեջ մտավ համաձայնագիրը ՌԴ-ի հետ։
«Երթերից առաջ թույլտվություն է պետք, որը տրամադրում է ռուսական կողմը, իսկ հայկական կողմը տրամադրում է նրանց։ Այդ բլանկն ամեն ամիս մի 20 օրով վերջանում է, ու մարդիկ չեն կարողանում աշխատել»,- ասաց նա։
Հավաքվածները նկատեցին, որ առանց այն էլ խնդիր է ամեն երթի համար 50 հազար դրամ վճարելը, բայց այսօր խնդիրը խորացել է, քանի որ մարդիկ մեկ ամիս առաջ պետական տուրքը վճարել են, սակայն մինչ այսօր փոխադրման թույլտվության բլանկը չունեն։ Միջպետական փոխադրումներ կատարողների համար կասկածելի է նաև այն, որ որոշ ընկերություններ կարողանում են ուղևորափոխադրում անել, այն դեպքում, երբ նախարարությունը հայտարարում է, որ թույլտվության բլանկը ՌԴ-ը դեռևս չի ուղարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։