ՄԱԿ-ի դատարանը պահանջել է ԱՄՆ-ից չեղարկել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցներ
ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է՝ ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական օգնությանը և քաղաքացիական ավիացիային:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել էր Իրանին՝ պատժամիջոցների վերականգնումից հետո ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու համար:
Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան է դիմել օգոստոսի վերջին: Թեհրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի Միջազգային պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից: