Ալավերդու ձուլարանի արտանետումներն էականորեն գերազանցում են թույլատրելի չափաքանակները, վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ. Արթուր Գրիգորյան
Ալավերդու ձուլարանում տեսչական ստուգումներն ավարտվել են, արտանետումներն էականորեն գերազանցում են թույլատրելի չափաքանակները, որի համար ընկերությունը տուգանվել է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու համար շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ACP ընկերությանը վճարելու համար»,- ասաց նա:
Արթուր Գրիգորյանը մեկ ցուցանիշ բերեց. «Ծծմբի անհիդրիդի համար 2017թ-ի համար ունեինք արտանետման 6000 տոննա թույլտվություն, բայց արտանետումները գերազանցել են 33 000 տոննան»,- ասաց նա:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ ընկերությունը վարչարարության շրջանակներում առարկություններ չի ներկայացրել: «Սակայն ֆիքսել է, որ ստուգման ակտի վրա ունի առարկություններ, որոնք կներկայացնի սահմանված կարգով: Գուցե իրենք նկատի են ունեցել վերադասության կարգով կամ դատական կարգով, բայց մեզ առարկություն չի ներկայացրել, երբ ստուգման ակտի նախագիծը ներկայացվել է»,- ասաց նա:
Իսկ թե հետևանքները որոնք կարող են լինել, Գրիգորյանը նշեց, որ այս պահի դրությամբ դեռևս չկա տրված հանձնարարական, որպեսզի հետևանքների մասին խոսենք: «Հանձնարարական տրամադրելու համար մենք նախաձեռնել ենք հանրային քննարկում Ալավերդիում. շատ բան կախված է նաև այդ քննարկման արդյունքներից, սակայն ինձ համար կարևոր է, որ հանրային օրակարգ մտնի այս հարցը, որովհետև նախկինում միշտ եղել է այս թեման փակ և իմիտացիոն բնույթ ունեցող, հիմա ուզում ենք բացել ամբողջ ճշմարտությունը, թե որքանով է իրականում հնարավոր սահմանափակել արտանետումների քանակները և բազմաթիվ այլ շերտեր»,- ասաց նա: