Terrafugia-ն հոկտեմբերին սկսում է ընդունել աշխարհում առաջին թռչող մեքենայի պատվերները (տեսանյութ)
Հոկտեմբերին կմեկնարկի աշխարհի առաջին թռչող մեքենայի նախնական պատվերների ընդունումը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հիշեցնելով, որ առաջին նմանօրինակ մեքենան թողարկելու է ամերիկյան Terrafugia ընկերությունը, որն էլ պատկանում է չինական Geely ավտոկոնցեռնին:
Մեքենան իրենից ներկայացնում է հիբրիդային բենզինա-էլեկտրական շարժիչով աշխատող թռչող սարք: Ընկերության գործադիր տնօրեն Քրիս Ջարանի խոսքով՝ մատակարարումները կսկսվեն 2019-ին:
Թռչող ավտոմեքենայով երկու ուղևոր կարող է երթևեկել: Թռիչքի և ճանապարհով ընթացքի ռեժիմների փոփոխությունը մեկ րոպե է տևում: Միևնույն ժամանակ օդ բարձրանալու և վայրէջք կատարելու համար մեքենային թռիչքուղի է պետք:
Թռչող մեքենաների առաջին խմբաքանակը վաճառվելու է ԱՄՆ-ում: Մեքենայի վերջնական գինը դեռևս չի որոշվել:
Ըստ փորձագետների՝ մեքենան դժվար թե լայն տարածում գտնի բարձր գնի պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն փոխարինելու կգա մասնավոր ինքնաթիռներին: