Մոգերինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային Իդլիբի հարցով համաձայնության համար
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, չորեքշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային Իդլիբի հարցով համաձայնագրի համար, սակայն կարծում է, որ ռազմական կարգավորման վտանգը դեռևս պահպանվում է, այդ իսկ պատճառով հավելյալ ջանքեր են անհրաժեշտ:
«Պատերազմը Սիրիայում դեռևս չի ավարտվել… ՌԴ-ի և Թուրքիայի կնքած համաձայնագրից հետո հաջողվել է խուսափել հերթական արյունահեղությունից, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց այս առումով կատարած աշխատանքի համար, սակայն հարձակման վտանգը դեռևս պահպանվում է, և ես կարծում եմ, որ մեր նպատակն է կոչ անել «Աստանայի» երաշխավորներին, որոնք ներկա են այստեղ, պահպանել վերջին դեէսկալացիոն գոտին», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մոգերինին՝ բացելով Սիրիայի հարցով հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով՝ Իդլիբից դուրս սիրիական հակամարտությունը նույնպես չի ավարտվել, այն զարգանում և փոփոխվում է, այդ թվում և տարածաշրջանային ձևաչափով:
ՌԴ, Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ավելի վաղ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբ նահանգում կառավարական զորքերի և զինված ընդդիմության շփման գծի երկայնքով: