Հենրիխ Մխիթարյանը, դիվանագիտական անձնագրից զրկվելով, տեղաշարժի խնդիր կունենա արևմտյան երկրներում, այլ խնդիրներ չեն առաջանա. ՀՖՖ խոսնակ
Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու հանգամանքը ՀՖՖ-ի համար առանձնապես խոչընդոտներ չի առաջացնի: Ֆուտբոլիստը կունենա տեղաշարժի խնդիր եվրոպական երկրներում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը խոչընդոտներ չի՞ առաջացնի ֆուտբոլիստի համար:
Հարցին, թե Հայաստանի քաղաքացիներից շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար մուտքի վիզա է պահանջվում, Մխիթարյանը «Արսենալ»-ի խաղացող է և վիզայի խնդիր ունի որպես ՀՀ քաղաքացի, Տիգրան Իսրայելյան ասաց.«Այո՛, վիզայի հարցեր կառաջանան, միայն դա, թերևս, խնդիրներ առաջացնի, այլ խնդիր չի առաջանա, մեր հավաքականի հետ կապված որևէ խնդիր չի լինի: Մխիթարյանը միայն տեղաշարժման հետ կապված խնդիրներ կունենա»:
Հարցին՝ Ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվո՞ւմ դիմել Արտաքին գործերի նախարարություն Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը վերականգնելու համար, Տիգրան Իսրայելյանն ասաց.«Այս պահին դա չեմ կարող ասել»:
Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հարցին, թե Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից, ասաց, որ հստակ անունով չի կարող նշել, սակայն 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր հետ է վերադարձվել: