ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները
ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների եկամուտներից էլ է կուտակային կենսաթոշակային վճար գանձվում։ Tert.am-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից պարզել է, թե օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սոցիալական վճարներն ինչպես են վերադարձվելու, եթե նրանք ՀՀ-ից կենսաթոշակ չեն ստանալու։
Tert.am-ին տրված պատասխանում ասված է․ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է նույն մասում սահմանված պայմաններից որևէ մեկը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով և պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N531-Ն որոշման հավելվածով հաստատված են Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները»: