ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Աջափնյակում տեղակայված ԲՀԿ շտաբից մի քանի քաղաքացու ոստիկանություն հրավիրելուն և հայտնել, որ ոստիկանությունը պետք է քրեական գործ հարուցի սուտ մատնության հոդվածով,որովհետև քաղաքացիներին անհիմն են հրավիրել ոստիկանություն։
Tert.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով են Աջափնյակից՝ ԲՀԿ շտաբից, քաղաքացիներ հրավիրվել, ինչին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Նախ սոցիալական ցանցերում է հրապարակում եղել, և բացի այդ ահազանգ է եղել, և դրանց հիման վրա քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն։ Կատարվում են համապատասխան ստուգումներ և դատավարական գործողություններ»։
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 15:45-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ.Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Բաժին է հրավիրվել երեք անձ: Կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ:
Նշենք, որ Ստեփան Ռուբինյան անունով օգտատերը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Դիմում եմ ոստիկանությանը, ԱԱԾ-ին ու լրագրողներին: Հենց նոր 15 կվարտալում բնակվող ընկերներիցս մեկն ինձ տեղեկացրեց, որ նույն թաղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: ԲՀԿ—ի շտաբներում կատարյալ լկտիություն է տիրում, թոշակառու տատիկ պապիկների են տանում բերում, բացի այդ քրեական հեղինակությունների ու հաստավիզ թիկնապահների կուտակումներ են նկատվում»։