Թուրքիայում Աթաթուրքի արձանի մոտակայքում տեղադրված բիոզուգարանը զայրացրել է տեղացիներին
Թուրքիայի Էդիրնե քաղաքում բազմաթիվ բողոքների պատճառով հեռացրել են քաղաքի հրապարակում տեղադրված բիոզուգարանը՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին մոտ գտնվելու պատճառով, հայտնում է «Բիրգյուն» պարբերականը։
Զուգարանը տեղադրվել էր մոտ մեկ ամիս առաջ: Բիոզուգարանն ունի առանձին մուտքեր կանանց, տղամարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև՝ նորածինների խնամքի համար հատուկ սենյակ։
Բնակիչների մի մասին զայրացրել է փաստը, որ զուգարանը տեղադրվել է հենց Աթաթուրքի արձանի ետևում․ շատերը սա վիրավորական են համարել։
Էդիրնեի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ, բազմաթիվ բողոքներից ելնելով, որոշում է կայացվել ապամոնտաժել զուգարանը:
Հայտնի է, որ բիոզուգարանն արդեն հեռացված է հրապարակից։