Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 12 ուժերի ծրագրային դրույթներում տեղ են գտել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները։ Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերը չեն պատկերացնում ժամանակակից մայրաքաղաքն առանց այնպիսի ենթակառուցվածքների, որը ուղևորափոխադրման ցանցի և ճանապարհները գերծանրաբեռնվածության խնդիրները չի լուծի։ Tert.am-ը ներկայացնում է ընտրարշավի մասնակից 4 ուժերի ծրագրերում տեղ գտած այն դրույթները, որոնք վերաբերում են տրանսպորտային խնդիրներին։
«Իմ քայլը» դաշինք, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության
Դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը տրանսպորտային խնդրի կարգավորումը պատվի հարց է համարում
«Տրանսպորտի խնդիրն ինձ համար պատվի հարց է: Ինձ համար ամոթ է, երբ մեր քաղաքացիները կռացած են գնում գործի, կռացած են գալիս: Մեր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից: Խնդիրը լուծվելու է ներդրումների միջոցով, ամբողջականացվելու է տրանսպորտային ցանցը: Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ և նոր մենեջմենթ»,- հայտարարել է Մարությանը։
Ծրագրի համաձայն՝ մայրաքաղաքը սպասարկող երթուղիների թիվը հասնելու է 42-ի, իսկ տրանսպորտային միջոցների թիվն էլ 2039-ից դառնալու է 939։
Ծրագրի մաս է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները։ Այսինքն՝ ոչ թե գնում եք տոմս մի կետից մյուս կետ տեղափոխվելու համար, այլ գնում եք տոմս, որը ժամանակ է: Օրինակ՝ դուք գնում եք տոմս 1 ժամվա, 1 օրվա, 1 ամսվա համար: Եթե դուք ունեք մեկ ժամվա տոմս՝ դուք կկարողանաք օգտվել Երևանի ամբողջ տրանսպորտից, ինչքան ուզեք, ուղևորների հատուկ խմբերի համար ներդնել զեղչային համակարգ, ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունն առնվազն մինչև 24։00, տրանսպորտային ցանցի ընդլայնման նպատակով կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան Աջափնյակ համայնքում՝ «Թումոյի» մոտ։։
Ծրագրի մաս է նաև հաշմանդամություն ունեցող անձանց գումար ապահովել տրանսպորտի մատչելիություն և տարածական կողմնորոշման հնարավորություն։
«Լույս» դաշինք, քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան
Այս դաշինքն էլ տրանսպորտային հիմնախնդիրը լուծելու համար մետրոպոլիտենի արդիականացման խնդիր է դնում։ Ուղևորափոխադրման ցանցի բաղկացուցիչ մաս է կազմելու նաև նոր ճոպանուղին, որն ունենալու է և՛ զբոսաշրջային գրավչություն, և՛ հանդիսանալու է փոխադրման արագ և հարմարավետ միջոց։
Երևանի տրանսպորտային համակարգը պետք է շահագործվի մրցակցային դաշտում գործող օպերատորների կողմից և ունենա ամբողջապես արդիականացված ավտոբուսային պարկ, տրոլեյբուսային պարկ և ներառի մետրոպոլիտենը։ Այս համակարգը պետք է ունենա արդյունավետ ուղևորափոխադրման ցանց, որը հասանելի լինի քաղաքի յուրաքանչյուր թաղամասում։ Տրանսպորտային համակարգը գործելու է «Բոլորին հարմար» սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այն հարմար կլինի բոլորի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, կունենա միասնական տոմս, որը կիրառելի կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար և ճկուն՝ թե՛ ըստ հանրային տրանսպորտից օգտվելու հաճախականության, թե՛ ըստ սոցիալական խոցելիության՝ ներառելով զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և սոցիալական մի շարք այլ խմբերի համար։ Նոր համակարգի բաղադրիչ են հանդիսանում նոր և հարմարավետ կանգառասրահները հագեցած էլեկտրոնային չվացուցակներով։ Համակարգի բաղկացուցիչ մաս է կազմելու ավտոբուսային միջանցքը (Bus Lane) իրեն բնորոշ «փքված» կանգառներով։ Նախատեսում ենք կառուցել ավտոբուսների տեղակայման առնվազն երկու տեղակայման արդիականացված բազաներ, որտեղ կիրականացվի ավտոբուսների պլանային սպասարկումը, լիցքավորումը և պահպանումը, ունենալ բարձր աշխատավարձով վերապատրաստված վարորդներ, որոնց կտրվի նաև առողջության ապահովագրություն։
ԲՀԿ, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ն նույնպես մտադիր է վերջ ջալ «գծատեր» երևույթին։ Հստակ ամրագրել են՝ տրանսպորտի գինը չի փոխվում։ Դա նշանակում է, որ նոր տրանսպորտային ցանցի համար գործող ծախսերը պետք է օպտիմալացնել՝ վերացնելով մի կողմից զուգահեռ գործող երթուղիները, մյուս կողմից՝ փոքր ուղևորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղևորատարներով՝ հիմքում դնելով նաև փոխտեղաշարժի /пересадка/ միջոցով՝ նույն վարձաչափով ուղևորներին իրենց ցանկալի վայր հասցնելը, ինչպես ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում: Ձեռք բերված տրանսպորտի տոմսերը կգործեն մեկ ժամ: Խոշոր ուղևորատար տրանսպորտային միջոցները հագեցած են լինելու ժամանակակից տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորություններով քաղաքացիներին սպասարկելու համար։
Նրանց համար կարևոր խնդիր է մետրոյի նոր կայարանների կառուցումը, իրատեսական են համարում Աջափնյակ կայարանի կառուցումը։