Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան
Հարկային օրենսգրքի փոփոխությանը վերաբերող քննարկումների արդյունքում կարևոր որոշման ենք հանգում: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:
«Մենք քննարկում ենք և մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում և, բնականաբար, նաև Երևանում, անհատ տաքսու վարորդներին ազատենք բոլոր հարկային պարտավորություններից»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ դա կարևոր որոշում է, որովհետև այն ունի սոցիալական նշանակություն:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են նաև պետական հիմնարկներում, ոչ պետական հիմնարկներում, իրենց ընտանիքների սոցիալական հարցերը լուծում են նաև տաքսի վարելով»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ որոշման շնորհիվ իրենք ցանկանում են հնարավորություն տալ այդ մարդկանց ավելի անկաշկանդ գումար աշխատել:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ դրան զուգահեռ՝ իրենք մտածում են երթևեկության անվտանգության մասին: Այդ իսկ պատճառով էլ այսուհետ ավտոմեքենաների տեխսպասարկումները ձևական բնույթ չեն կրելու:
Նա նաև նշեց, որ կարծում է՝ իրենց որոշումը դրական ազդեցություն կարող է ունենալ քաղաքային տրանսպորտի համար, քանի որ հույս ունի, որ անհատ տաքսու վարորդները կիջեցնեն իրենց սակագները, և մարդիկ առավել շատ հակված կլինեն տաքսիներից օգտվելու:
Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների մասին: Հորդորեց բոլորին, գնալ և ընտրել իրենց թեկնածուին՝ Հայկ Մարությանին՝ հեղափոխությանը։
Այս համատեքստում նաև մի «գաղտնիք» բացվեց:
«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նիստին մասնակցելու, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում: Ինձ անընդհատ ասում էին, որ գրաֆիկն այնպես է, որ պետք է 21-ին, 22-ին մեկնել: Բայց ես ամեն ինչ հետաձգել եմ, դասավորել եմ այնպես, որ առավոտյան քվեարկեմ, նոր դրանից հետո մեկնեմ Նյու Յորք: Ես սա ասում եմ՝ այդ մեկ ձայնի կարևորությունը նկատի ունենալու համար: Ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ձայնը կարևորի»,- ասաց նա: