Անցյալ տարվանից ի վեր լոբբինգ իրականացնող 21 ընկերություն ԱՄՆ-ում աշխատել է Թուրքիայի օգտին. Bloomberg
ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնող տասնյակ ընկերություններ գումար են ստանում Թուրքիայի շահերը ներկայացնելու համար, քանի որ այդ երկրի տնտեսությունը տատանվում է ազգային արժույթի հետ կապված ճգնաժամի և Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ներկայացնելով ԱՄՆ արդարադատության նախարարության՝ լոբբինգի հարցով բացահայտումների մասին զեկույցը: Փաստաթղթի համաձայն՝ թուրքական կառավարությունը, քաղաքական կուսակցություններն ու այլ կազմակերպություններ ավելի քան 7.5 մլն դոլար են ծախսել 2017 թվականի հունվարից մինչև այս տարվա գարուն ընկած ժամանակահատվածում Վաշինգտոնում իրենց շահերի ներկայացման համար:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ, 21 ընկերություն բացահայտել է, որ անցյալ տարվանից աշխատել է Թուրքիայի օգտին: Դրանցից 7-ը ներկա պահին ակտիվ համագործակցություն չեն վարում: Հրապարակված բացահայտումներում, սակայն, հստակ մատնանշումներ չեն արվում, նշվում է միայն ընդհանրական «ԱՄՆ-Թուրքիա» հարաբերությունների կարգավորման մասին:
Որպես օրինակ նշվում է Mercury Public Affairs վերլուծական ընկերութունը, որը ներկայացրել է ինչպես Թուրքիայի կառավարության, այնպես էլ անհատական բիզնես շրջանակների շահերը և այս տարի ընդհանուր առմամբ 177 600 դոլար գումար է ստացել: