Alibaba-ն, «Մեգաֆոնը» և Mail.ru-ն համատեղ ձեռնարկություն կստեղծեն ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում
Չինական Alibaba Group-ը, Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը, «Մեգաֆոնը» և Mail.ru Group-ը մտադիր են էլեկտրոնային առևտրի բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծել ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է համատեղ ձեռնարկությունը կոչվելու է AliExpress Russia: Այս քայլի նպատակն է Ռուսաստանում «հիմնական սպառողական ինտերնետային և e-commerce հարթակների ինտեգրումը»: Կողմերը մտադիր են գործարքն ավարտին հասցնել 2019-ի երկրորդ կեսին:
Պայմանագրի համաձայն՝ Alibaba Group-ը համատեղ ձեռանարկության գործունեությանը կաջակցի ֆինանսական և այլ ռեսուրսների ներդրումներով՝ ստանալով բաժնետոմսերի 48 տոկոսը: Բացի այդ, չինական կողմը ձեռք կբերի «Մեգաֆոնի» մասնաբաժինը Mail.ru Group-ում, որը կազմում է 10 տոկոս: Վաճառքի դիմաց «Մեգաֆոնը» համատեղ ձեռնարկությունում 24 տոկոսի մասնաբաժին կստանա:
Ռուսական հիմնադրամը ձեռք կբերի համատեղ ձեռնարության 13 տոկոսը և կդառնա ռազմավարական մասնակիցը: Եվս 15 տոկոսը կստանա Mail.ru Group-ը և համատեղ ձեռնարկությանը կփոխանցի էլեկտրոնային վաճառքի իր բիզնեսը: