Նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը դեռ չի փոխվել, լոզունգներով հարցերը չեն լուծվում. Արամ Գ. Սարգսյան
Այսօրվա կառավարությունը շատ անելիք ունի, որպեսզի ներդրողների մոտ վստահություն առաջանա, և համապատասխան ներդրումներ իրականացնեն Հայաստանում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը` անդրադառնալով Կառավարության և գործարարների համագործակցությանը:
«Գործարար աշխարհի հետ հանդիպումները շատ անհրաժեշտ են, ավելի հստակ պետք է ներկայացվեն այդ ոլորտները, և թեև վարչապետն ասաց, որ հիմնականում բարձր տեխնոլոգիաներով ձեռնարկություններ են, բայց պետք է նշվի, թե ինչպիսին պետք է լինեն դրանք»,- ասաց նա և կարևորեց նաև ներուժի գնահատումը:
«Այստեղ խնդիրը հետևյալն է, թե պետության դերը ինչպես պետք է բարձրացնել, որ կարողանալ ապահովել և ավելի շուտ խրախուսել գործարար աշխարհի հետաքրքրությունը դեպի Հայաստանը: Դրա ամենակարևոր կոմպոնենտներից մեկը երևի թե համահայկական բանկի ճիշտ ձևավորումն է և ճիշտ օգտագործումն է»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, որ խնդիրը կոմպլեքս է: «Եթե անհրաժեշտ կոմպոնենտները լինեին՝ մենք պետք է թաղված լինեինք այդ ներդրումների մեջ, բայց որևէ լուրջ, իրական քայլ դեռ այսօր չեմ տեսնում»,- ասաց նա և կարևորեց ռազմավարական նշանակության ծրագիր մշակելը:
Նա ասաց, որ այսօր այնպիսի համոզիչ ծրագիր չի տեսնում, որը բոլոր կոմպոնենտներով ապահովում է ներդրումների անվտանգությունը և նրանց շահութաբերությունը, պետության դերի բարձրացումը:
«Կարելի է ասել, որ նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը դեռ չի փոխվել: Լոզունգներով հարցերը չեն լուծվում, խոսքը պետք է հստակ մասնագիտական ծրագրերի մասին լինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փակմանը, նա ասաց, որ այդ կենտրոնի աշխատանքին ծանոթ չէ, եթե եղել են ինչ-որ նախաձեռնություններ, ապա առանձնապես հանրությանը հայտնի չեն եղել: