Իռլանդիայում մոտոցիկլետի վրաերթի հետևանքով տուժած 39-ամյա հայ տղամարդը կոմայի մեջ է գտնվում
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տուժել է 39-ամյա Իլաբեկ Ավետյանը. վերջինիս մոտոցիկլ է հարվածել «Դարնդեյլ» այգում:
Ինչպես տեղեկացնում է The Irish Times-ը, Ավետյանը կնոջ՝ Անժելա Կոծինյանի հետ հանգստանալիս է եղել այգու տարածքում, երբ բլրի գագաթից վայրէջք կատարող մոտոցիկլը հարվածել է ամուսիններին:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին, սակայն տեղի ոստիկանությունը դեռևս չի ձերբակալել մեղավորին: Անդրադառնալով այս հարցին՝ Իռլանդիայի «Ֆիաննա Ֆայլ» («ճակատագրի զինյալներ») լիբերալ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Կուրանը կոչ է արել իշխանություններին արգելել մոտոցիկլետների անօրինական օգտագործումը՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար:
Կատարվածի հետևանքով Ավետյանը կորցրել է աչքը, նրա մոտ գրանցվել են ճակատի, քթի և ծնոտի կոտրվածքներ: Նշվում է, որ Ավետյանը շարունակում է բուժում ստանալ տեղի հիվանդանոցներից մեկում. նա կոմայի մեջ է գտնվում:
Նրա կինը՝ 43-ամյա Անժելան, որը ՌԴ քաղաքացի է, իռլանդական պարբերականին հայտնել է, որ իրենք Դուբլին են տեղափոխվել Լիտվայից: