Թուրքերի մեծ մասն աջակցում է իշխանությունների դիրքորոշմանը թուրք-ամերիկյան ճգնաժամում. հարցում
Թուրքիայի բնակչության զգալի մասն աջակցում է երկրի իշխանություններին թուրք-ամերիկյան ճգնաժամում ու կարծում, որ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը պետք է մնա կալանքի տակ։
Թուրքիայում գործող Optimar հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները պարզել են, որ մարդկանց 65․4 տոկոսը համոզված է, որ Բրանսոնը պետք է մնա կալանքի տակ։
Բրանսոնին ազատ արձակելու կողմնակիցների թիվը հարցվածների շրջանում կազմել է ընդամենը 22․8 տոկոս։
Հայտնի է, որ ուսումնասիրությունն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։
Բրանսոնին նաև մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: