Արևմուտքը զատում է ՀՀ-ին ու ՌԴ-ին և նույն քաղաքականությունը չի վարում. Գ. Մելիքյանը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքների մասին
Գլոբալ առումով Արևմուտքը զատում ու չի նույնացնում, այսինքն՝ ՀՀ-ն չի նույնացնում ամբողջովին ՌԴ-ի հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի ո Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքներին: Նա նկատեց, որ Արևմուտքը բոլոր պետությունների հետ նույն քաղաքականությունը չի իրականացնում և նշեց, որ նա մի քաղաքականություն վարում է ՌԴ-ի հետ, մեկ այլ քաղաքականություն վարում է Հայաստանի հետ:
«Օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ-ն ստորագրել է համաձայնագիր, որը չի ստորագրել ՌԴ-ի հետ, Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ՌԴ-ն չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, այսինքն՝ տարբեր հարթություններում են: Հայաստանը սուվերեն պետություն է և ունի իր քաղաքականությունը, սակայն վտանգը, որ պատժամիջոցները կարող են ազդել, միշտ կա: Բայց այդ մտավախությունները կան և միշտ եղել են, քանի որ առաջին անգամ չէ, որ պատժամիջոցների այս փաթեթը կիրառվում է»,- ասաց նա:Միևնույն ժամանակ Մելիքյանը ողջունեց այն, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի՝ ՀՀ գործընկերները, միշտ գիտակցել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է չպռոյեկտեն ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արևմուտքի ու ՌԴ-ի հետ բալանսավորված քաղաքականություն վարելուն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ բան չի արվելու առճակատումների հաշվին, Մելիքյանն ասաց, թե դժվար, բայց իրականանալի ճանապարհ է: Միևնույն ժամանակ քաղաքագետը գտնում է, որ պետք է ՀՀ-ն վերանայի եղած հարաբերությունները բոլոր երկրների հետ:
«Նոր կառավարությունը հայտարարում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մութ անկյուններ պետք է չլինեն, բայց նաև հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չպետք է լինեն: Այսինքն՝ որոշ առումով իներցիան պետք է պահել, բայց այդ իներցիան որակական առումով դրական ֆոնի վրա պետք է պահել, ոչ թե՝ չեզոք: Սա է, որ կառավարության տարբեր ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան իրականացնել, այսինքն՝ նոր իրողություններին համապատասխան բովանադակություն լցնել օրակարգը՝ մոտիվացնելով մեր գործընկեր երկրներին: Կարող են չլինել ռևերսներ, բայց շատ կարևոր է, որ բովանդակային առումով որոշ փոփոխություններ լինեն»,- ընդգծեց Գևորգ Մելիքյանը:
Քաղաքագետը փոփոխություններ ասելով նկատի ունի նաև ՀՀ-ի՝ այլ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների հաստատումն ու խորացումը: Ըստ նրա՝ ժամանակն է նշել, թե որոնք են Հայաստանի գրավիչ կետերը, ինչով է ՀՀ-ն շահեկանորեն տարբերվում տարածաշրջանի մյուս երկրներից. «Պետք է նոր օրակարգ ձևավորել, որ այդ հարաբերություններն ավելի խորանան, ավելի նյութականանան՝ չլինելով միայն հայտարարությունների մակարդակում, թե մենք ունենք չիրականացված ներուժ: Ժամանակն է հասկանալ ու չափել այդ ներուժը, այսինքն՝ չպետք է լինի միայն հռետորական հայտարարություն, իսկ ներուժը հասկանալուց հետո անել կոնկրետ քայլեր: Պետք է երկրներին առաջարկություն անել ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու միտումով, այսինքն՝ պրոակտիվ քաղաքականություն պետք է վարել»,-շարունակեց քաղաքագետը:
Հարցին՝ նոր կառավարությունը վարո՞ւմ է պրոակտիվ քաղաքականությունը, Գևորգ Մելիքյանը պատասխանեց, թե ներուժ ունի նման քաղաքականություն վարելու, սակայն դեռևս անցումային շրջանը խանգարում է:
«Այս պարագայում էլ պետք է ասեմ, որ կառավարությունն ունի պրոակտիվ քաղաքականություն վարելու ներուժը: Սակայն, քանի որ որոշակի անցումային փուլ է, և շատ ու շատ գործընթացներ դեռևս կայացման ընթացքում են, տարբեր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, դժվարանում է գործընթացը: Իմ ասած քայլերը ներքաղաքական կայունություն են պահանջում»,- եզրափակեց Գևորգ Մելիքյանը: