«Ռոման» պաշտոնապես հայտարարել է Ստրոտմանի՝ «Մարսել» տեղափոխության մասին
«Ռոման» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Կևին Ստրոտմանը հռոմեական ակումբից տեղափոխվել է «Մարսել»:
«Գայլերի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Մարսելը» տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո, ևս 3 միլիոն եվրո հնարավոր է բոնուսների տեսքով:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ստրոտմանն իր կամքին հակառակ է տեղափոխվում «Մարսել»: Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հոլանդացի ֆուտբոլիստն իր ընկերներին ասել է՝ ««Ռոման» վաճառում է ինձ: Ես ստիպված եմ հեռանալ»:
Այս լուրերի վերաբերյալ «Ռոմայի» սպորտային տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին իր մեկնաբանությունն է տվել.
«Ոչ ոք Ստրոտմանի գլխին ատրճանակ չի պահել: Նա համաձայնել է տեղափոխվել»,- ասել է Մոնչին:
Հիշեցնենք, որ Ստրոտմանը «Ռոմայում» հանդես է եկել 2013 թվականից: Այս ընթացքում նա «գայլերի» կազմում մասնակցել է 130 հանդիպման և խփել է 13 գոլ: