Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ ԺՊ խոսնակը՝ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ դառնալու մասին (տեսանյութ)
Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը: Այս մասին այսօր ճեպազրույցին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչի գործընթացն ինչ փուլում է, և հնարավոր է՝ ոչ Հայաստանի ներկայացուցիչ հաստատվի այդ պաշտոնին:
«Դրանք ընթանում են ինչպես ըստ գործող կանոնակարգի՝ կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Խոսնակի ԺՊ-ն հիշեցրեց, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ 6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն բոլոր անդամ պետությունները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի։
«Ըստ դրա՝ այդ պաշտոնը երեք տարով տրվել է Հայաստանին, Հայաստանն էլ ներկայացրել է իր թեկնածուին։ Իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ապա Աննա Նաղդալյանն ասաց, որ ինչպես և ՀԱՊԿ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի դեպքում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա. «Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,-վերահաստատեց նա Հայաստանի դիրքորոշումը: