Bloomberg-ը պատմել է iPhone-ի 3 նոր մոդելների մասին
Ամերիկյան Apple կորպորացիան նախատեսում է սեպտեմբերին iPhone-ի երեք նոր մոդել ներկայացնել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը մոտ աղբյուրների:
Նշվում է, որ նոր սմարթֆոնների դիզայնը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի նախորդ մոդելների համեմատ: Այս անգամ Apple-ը որոշել է բաշխել նոր iPhone-ները տարբեր գնային կատեգորիաներում՝ տարբեր եկամուտներով գնորդներին գրավելու և վաճառքի ծավալը մեծացնելու համար:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ D33 կոդային անվանմամբ երեք նոր մոդելներից մեկը կհամալրվի 6.5 դյույմանոց OLED դիսփլեյով, մետաղական շրջանակով ապակե պանելով և կրկնակի տեսախցիկով:
D32 կոդային անվանմամբ երկրորդ մոդելը կդառնա iPhone X-ի կատարելագործված տարբերակը, որում կբարելավվի արտադրողականությունն ու տեսախցիկը:
Նոր շարքի երրորդ մոդելը՝ N84-ը, կփոխարինի iPhone 8-ին: Նորույթը iPhone 8-ից ավելի մատչելի կլինի, և սմարթֆոնում կփոխարինվեն մի շարք դետալներ: Մասնավորապես, N84-ը կհամալրվի 6.1 դյույմանոց LCD էկրանով և կառաջարկվի տարբեր գույներով:
Գործակալությունը նաև նշում է, որ iPhone-ի բոլոր նոր մոդելները կհամալրվեն ժեստերով կառավարման գործառույթով, որը կփոխարինի Home կոճակը սմարթֆոնի էկրանին: Բացի այդ, մի շարք երկրներում սմարթֆոնները կվաճառվեն երկու SIM քարտ տեղադրելու հնարավորությամբ: