Գերմանիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում գլխավորապես քննարկվել են Էրդողանի՝ սեպտեմբերին Գերմանիա այցի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։
Երկու երկրների նախագահները զրուցել են թուրք-գերմանական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման ու արդյունավետության ավելացման անհրաժեշտության մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Գերմանիա։
Երկու պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Կալանավորվածների թվում են Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որն ավելի ուշ ազատ է արձակվել։
Այժմ Թուրքիայում դեռ շարունակում են կալանքի տակ մնալ Գերմանիայի մի քանի քաղաքացիներ։