Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի, որը սահմանադրական է, մենք համաձայն ենք. Էդմոն Մարուքյան
Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի, որը սահմանադրական է, մենք համաձայն ենք: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը լուծարելը տարբերակներից մեկն է:
«Մի տարբերակն այն է, որ ինքը հրաժարական տա և 2 անգամ չընտրվելուց հետո խորհրդարանն ինքնալուծարվի, իսկ մյուս տարբերակը սահմանադրական փոփոխություններն են: Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պետք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հեղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հակահեղափոխական ալիքին, Մարուքյանը նշեց, որ հեղափոխությունը եղել է ՀՀԿ-ի դեմ, ստեղծված համակարգի դեմ, իսկ այսօր այդ համակարգն այլևս չկա իշխանության մեջ:
«Բնականաբար, հակահեղափոխությունը պետք է լինի Հանրապետականը, պետք է իրենք անեն, կամ Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ: Ունե՞ն նման շանս անելու, կարծում եմ՝ ոչ, ավելին, գտնում եմ, որ հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա: Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու, չկա այդ հնարավորությունը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Վերջինս հավելեց, թե այս խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, քանի որ ներկայիս խորհրդարանում չկա ընդդիմություն ու իշխանությունը: Նա նկատեց, որ այսօր իրեն ընդդիմություն է հռչակել ՀՀԿ-ն, սակայն շեշտեց, որ ընդդիմությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը:
«Ընդդիմադիր ուժը ժողովրդի վստահությունը վայելող ուժն է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահությունը վայելո՞ղ է, թե՝ոչ: Դա կարող ենք միայն ընտրությունների միջոցով անել, մինչև չլինեն ընտրություններ, այս անորոշ վիճակից չենք կարող ազատվել»,- շարունակեց Մարուքյանը:
Պատգամավորը, խոսելով անցումային արդարադատության մասին, հայտարարեց, թե անցումային արդարադատության մոդելը գիտական քննարկման պետք է արժանանա.« Դա ֆեսբուքյան գրառումներով չի տեղի ունենում, երբ «Ելք» դաշինքը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ծրագիր, այդ ծրագրում ես կետ էի առաջարկել, որը կոչվում էր «ճշմարտության հանձնաժողովի ստեղծում»: Մենք կարող են ստեղծել այդ ճշմարտության հանձնաժողովը, որը կարող է ունենալ հանրային վստահություն, իսկ այդ վստահությունն ունենալով էլ կարող էր զբաղվել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և այլն նմանատիպ սև էջերով»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: