68 կողմ, 1 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատեց Սևանից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 68 կողմ, 1 դեմ քվեարկությամբ:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով, անդրադառնալով ՀՀԿ-ականների ելույթներին, նշեց, թե նրանք ասում էին, որ այս կառավարությունը կրկնում է այն, ինչ իրենք են արել, չնայած քննադատել են:
«Խնդիրն այն է, որ այն ավերված վիճակում եք թողել, ստիպված են կրկնել»,-ասաց նա:
Նրա խոսքը ՀՀԿ-ականներին դուր չեկավ, Արմեն Աշոտյանը տեղից արձագանքեց:
Վարման կարգով խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, ով ասեց, որ կողմ կքվեարկեն՝ հաշվի առնելով 55 000 գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրի խնդիրը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնել: