ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է: Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-ասաց Շարմազանովը:
Նրա կարծիքով` Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է:
Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում:
«Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին: