ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը. ՆԱՏՕ-ի պաշտոնյա
ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է apsny.ge-ն, Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլլերը։
Գեթեմյուլլերը կոչ է արել Ռուսաստանին հետ կանգնել «օկուպացված շրջանների» ճանաչման որոշումից և հարգել Վրաստանի սահմանները։
«Տասը տարի առաջ Ռուսաստանը ճանաչեց Վրաստանի շրջանները համարվող Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ երկրներ։ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի դա։ Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել այդ որոշումը և հարգել Վրաստանի սահմանները»,- ասել է պաշտոնյան։
2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։