Շքեղության ցուցադրություն. Լոնդոնում թանկարժեք սուպերքարերի շարասյունը խցանում է առաջացրել կենտրոնական փողոցներից մեկում (լուսանկարներ, տեսանյութեր)
Լոնդոնում թանկարժեք սուպերքարերի շարասյունը խցանում է առաջացրել կենտրոնական փողոցներից մեկում: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է Daily Mail-ը:
Նշվում է, որ ավտոմեքենաները պատկանում են ծագումով մերձարևելյան երկրներից բնակիչների, որոնք, ճանապարհային ոստիկանության տվյալների համաձայն, ամեն ամառ յուրահատուկ «շքերթ» են կազմակերպում՝ ցուցադրելով իրենց շքեղ ավտոմեքենաները:
Հատկանշական է, որ այս արարողության համար ավտոմեքենաները հատուկ բերվում են Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից ու այլ երկրներից՝ հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարի շքեղ ավտոմեքենաների «շքերթն» անցկացվել է Ռիջենթ փողոցում, և ամենաթանկ «նմուշների» շարքում են եղել 230 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 297 հազար դոլար) արժողությամբ Bentley Mulsanne-ը, ինչպես նաև՝ Lamborghini, Ferrari, BMW և Nissan մակնիշի ավտոմեքենաներ:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ սուպերքարերի շարասյունն ուղեկցել են ոստիկանական ավտոմեքենաները, սակայն պարզ չէ՝ արդյոք իրավապահները հավաքվել են հատուկ շքերթն ուղեկցելու համար:
Ենթադրվում է, որ սա կլինի այս ամառվա վերջին նմանատիպ շքերթը: