Իսպանիայում շարունակվել է «հայկական մաֆիայի» վնասազերծման գործողությունը. ձերբակալվել է հայ «օրենքով գող»
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մարբելյա քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՀՀ քաղաքացին բնակվել է Լիտվայում:
Աղբյուրը նկատում է, որ «օրենքով գողերի» ձերբակալությունը հունիսի վերջին Իսպանիայում 129 մարդու ձերբակալման ու «հայկական մաֆիայի» վնասազերծման աղմկահարույց գործողության շարունակությունն է:
Նշվում է, որ ՀՀ և Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ նրանք ծրագրում էին մրցակից հանցավոր խմբավորման անդամներից մեկի սպանությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են մահափորձ ծրագրելու, փաստաթղթերը կեղծելու ու հանցախմբի անդամ լինելու համար: Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել են իրենց անուններով լեհական ու ուկրաինական կեղծ փաստաթղթեր:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իսպանիայի իրավապահները դեռևս հուլիսի կեսերին էին տեղեկացել, որ Մարբելյայում է գտնվում Եվրոպայում ամենակարևոր «օրենքով գողերից» մեկը, որը Լիտվայից ղեկավարում էր դեռևս հունիսին վնասազերծված «հայկական մաֆիան»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ոստիկանությունը հունիսի 26-ին լայնամասշտաբ գործողություն էր իրականացրել «հայկական մաֆիայի»՝ Եվրոպայաում ծագումով հայերի խոշորագույն հանցախմբի դեմ:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 73 հատուկ գործողություն էր իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնա քաղաքում:
Ձերբակալվածները կասկածվում են կոռուպցիայի, դրամաշորթության, զենքի ապօրինի կրման, նարկոթրաֆիքինգի, փողերի լվացման, բնակարանային գողությունների, փաստաթղթերի կեղծման, խարդախության, մեքենաների ապօրինի առքուվաճառքի համար: