Ներկա դրությամբ բանակցային լիարժեք ձևաչափի կոշտ պահանջը կտապալի գործընթացը. Դ. Բաբայան
Ադրբեջանական կողմի նման հայտարարությունը մի կողմից լավ է, որ պատրաստ է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը, մյուս կողմից էլ, իհարկե, մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ հասկանալով, որ դա երկարատև, քրտնաջան գործընթաց է, որպեսզի վերականգնենք բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին և նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:
Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցով հայկական կողմը որևէ կոշտ պահանջ չի դրել: «Ներկա դրությամբ կոշտ պահանջ դնելը նշանակում է տապալել գործընթացը: Ընդհանրապես պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պետք է վերականգնվի ձևաչափը, որ ինքը չի կարող ընդունել որոշում Արցախի փոխարեն, դա ճիշտ է և այդպես էլ կա: Այլ հարց է, որ մինչև մենք հասնենք դրան, պետք է շատ ջանք գործադրենք, երկարատև աշխատանք է պահանջում»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը շեշտեց, որ ՀՀ-ն բանակցային և հակամարտության կողմ է և ներգրավված է բանակցություններում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության շնորհիվ: «Բայց պաշտոնապես Հայաստանը կողմ է և´ բանակցություններին, և´ հակամարտությանը, ինչպես նաև Արցախը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը, բայց հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք պետք են, որպեսզի խաղաղ ձևով կարգավորվի հարցը, և խաղաղ գործընթացը պետք է շարունակական լինի, այս պարագայում շատ ավելի գերադասելի է շարունակել բանակցությունները, իհարկե ակնկալելով և քայլեր ձեռնարկելով, որ ապագայում Արցախի մասնակցությունը վերականգնվի, քան տապալել բանակցային գործընթացը»,-ասաց նա
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հարցազրույցին, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ սա ոչ թե բանակցային գործընթացի դեմ է, այլ պարզապես ցույց է տալիս, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը, և մենք պաշտպանելու ենք մեր երկիրը՝ անկախ ամեն ինչից: