Բաքվում կրկին զանգվածային հոսանքազրկումներ են գրանցվել. մետրոյի կայարանները փակվել են
Բաքվում փակվել են մետրոյի բոլոր կայարանները, որոնք առանց լույսի են մնացել: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվի մետրոպոլիտենի մամլո ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովին, ստորգետնյա կայարաններից մարդկանց են տարհանում:
Բաքվի կենտրոնական շրջանը երեքշաբթի մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Նախօրեին ողջ երկրով մեկ հոսանքի անջատումներ էին տեղի ունեցել: Գիշերը հայտնի էր դարձել Ադրբեջանում լույսի զանգվածային անջատումների մասին:
Հոսանքազրկումների պատճառ էր դարձել երկրի կենտրոնական Մինգյաչևիր քաղաքի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը, որից հետո հրդեհ է բռնկվել: Երկրի ԱԻՆ-ի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել:
«Ազերէներջի» ընկերության ղեկավար Էթիբար Պիրվերդիևը տեղեկացրել է, որ վթարի պատճառ է դարձել շոգը: Երեքշաբթի Ադրբեջանի նախագահը հրահանգել է պետական հանձնաժողով ստեղծել՝ պատճառների և միջադեպի մեղավորներին բացահայտելու համար: