Երբ քաղաքապետի հրաժարականը փաստացի լինի, գա առաջադրումների ժամանակը, մեր թեկնածուի մասին կխոսենք. Դ. Խաժակյան
Ես հայտարարել էի, որ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել ու չի հրապարակում, նշել էի նաև որոշակի պատճառներ, այսօր էլ իմ ունեցած այն ժամանակվա տեղեկությունը չեմ հերքում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին աշատանքի է վերադարձել:
«Ես չէի բացառել, որ Տարոն Մարգարյանը հետագայում կարող է աշխատանքի իմիտացիա անել և հիմա, փաստորեն, փորձում է վերականգնվել, բայց վստահ եմ, որ դա ժամանակավոր է: Նաև վստահ եմ, որ ինքն, ըստ էության, հանձնվել է ու համաձայն է լքել քաղաքապետի պաշտոնը: Այսքանը կարող եմ արձանագրել՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը ժամանակի հարց է»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նկատեց, որ քաղաքապետի հրաժարականն ընդունում է ավագանին, այսինքն՝ Տարոն Մարգարյանն իր թիմին զուտ հայտնել է մտադրության մասին. «Այս դեպքում հրաժարականի դիմում գրել ասվածը զուտ իր հրաժարականի տեքստն է. հրաժարականի պատրաստակամության մասին է հայտնել: Տարոն Մարգարյանն իր թիմին հայտնել էր, որ նա պատրաստվում է դա անել, սակայն հիմա, որոշակի իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, տեղի չունեցավ»,- շարունակեց Խաժակյանը:
Ինչ վերաբերում է իրենց՝ քաղաքապետի հնարավոր թեկնածուին, Դավիթ Խաժակյանն ասաց, թե դեռևս վաղ է դրա մասին խոսել. «Քաղաքապետի հրաժարականը երբ փաստացի լինի, և գա առաջադրումների ժամանակը, մենք դրա մասին նոր կխոսենք»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէր, իսկ նիստը վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: