Ուղղությունը ճիշտ է, բայց ընտրությունների անցողիկ շեմը պետք է իջեցվեր 2 տոկոսով. Ա. Մարտիրոսյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի ընդունած 2 որոշումները, այսինքն՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ և անցողիկ շեմի իջեցում 1 տոկոսով: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են, սակայն ինքը կարծում է, որ թե՛ կուսակցությունների, թե´ դաշինքների համար նվազագույն շեմը պետք է իջներ գոնե 2 տոկոսով:
«Ընդունենք, թե չընդունենք, միևնույն է, այս կեղծած Սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է: Պառլամենտական համակարգերում, որպես կանոն, տոկոսային շեմը միշտ ցածր է լինում, հատկապես սկանդինավյան երկրներում, որոնք, ըստ էության, ժողովրդավարության ֆլագման են: Այդ երկրներում նվազագույն շեմը 3 տոկոսից ավել գոյություն չունի»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ խորհրդարանական երկրներում հասարակությունն իր ամբողջ բազմաշերտությամբ պետք է ներկայացված լինի, այդ թվում՝ քաղաքական բազմաշերտությամբ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ անցողիկ շեմի իջեցումը խորհրդարանում կապահովի այլընտրանքայնությունը:
«Ակնհայտ է, որ մենք ապրում ենք փոփոխական ժամանակաշրջանում, ցանկացած պարագայում այն իրավիճակն է, որ այլընտանքային մոտեցումները որքան շատ լինեն, այդքան ավելի լավ: Որքան հասարակությունը ներկայացված լինի խորհրդարանում, այդքան ավելի լավ, սա ավելի ճիշտ կլինի»,- նշեց Ժառանգություն կուսակցության նախագահը:
Ժառանգությունը կմասնակցի ԸՕ-ի քննարկումներին, երբ քննարկումներ սկսվեն՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Ավելին՝ Ժառանգություն կուսակցությունն արդեն իսկ առաջարկներ ներկայացրել է, որոնց մեջ մտնում են նաև հանձնաժողովի ընդունած 2 որոշումները: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ պետք է կիրառվեն նորարարական ու ժամանակակից տեխնոլոգիաներ, որպեսզի ընտրություններում մարդկային գործոնը նվազի: Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկները վերաբերում են նաև ՏԻՄ ընտրություններին:
«Տեխնիկական նոր լուծումների դեպքում մարդկային գործոնն ընտրությունների ընթացքում կնվազի, ինչի արդյունքում կունենանք ավելի օբյեկտիվ պատկեր: Խոսքը վերաբերում է ոչ միայն պառլամենտական ընտրություններին, այլև ՏԻՄ ընտրություններին: Օրինակ՝ ժամանակին, երբ «Երևան քաղաքի մասին» օրենք էր ընդունվում, մենք բարձրաձայնում ու պայքարում էինք, որ Երևան քաղաքի քաղաքապետն ուղիղ ընտրվի, այլ ոչ թե ավագանու միջոցով: Եվրոպայում չկա որևէ պետության մայրաքաղաք, որ քաղաքապետին ընտրի ավագանին»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ-ում ընդհանարապես քաղաքապետի ընտրությունները պետք է ուղիղ լինեն, իսկ ավագանին լինի կուսակցական ցուցակներով: Ըստ Մարտիրոսյանի՝ այս և այլ մի շարք առաջարկներ ներկայացվել է կառավարությանը, սակայն դեռևս արձագանք չկա, բայց հույս ունի, որ շուտով արձագանք կլինի: