Նախկինում երաշխիքները բացակայում էին. Վ. Բոստանջյանը՝ կուտակային համակարգին նախկինում դեմ լինելով՝ կողմ քվեարկելու մասին (տեսանյութ)
Կուտակային կենսաթոշակային համակարգը քաղաքացիների համար բեռ չէ, ճիշտ է, որ քաղաքացին ինքը ձևավորի կենսաթոշակի տարիքի համար անհրաժեշտ միջոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` պարզաբանելով, թե ինչու են կողմ ավերակել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ քննարկումների ժամանակ Վարդան Բոստանջյանն ընդգծել էր, որ կուտակային համակարգը խիստ ռիսկային է, մութ հեռանկարներ ունի, իսկ այսօր դաշինքը կողմ էր քվեարկել:
Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 78 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ:
«Նախկինում գոյություն ունեցող կառավարման պայմաններում, մենք հասկանում էինք, որ ռիսկերը բավականաչափ մեծ էին, և երաշխիքները բացակայում էին, ՀՀ-ի համար այդպիսի համակարգը համարում էինք ոչ տեղին, հատկապես, որ աշխարհի տարբեր երկրներում դա մերժվել էր հենց ռիսկերի, հենց երաշխիքների բացակայության պատճառով: Հիմա նոր իշխանությունները, ըստ էության, վստահության մեծ լիցք ունեն, որով պայմանավորված պետք է ենթադրել, որ բարեփոխումներն ի նպաստ մեր հասարակության կլինեն»,-շեշտեց նա:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ պարտադիր բաղադրիչը կարևոր է, որ մարդկանց մոտ արմատանա միջոցներ կուտակելու սովորույթը կենսաթոշակային տարիքի համար, այնուհետև, պատգամավորի կարծիքով, այդ բաղադրիչը «կշպրտվի»:
Մանրամասները` տեսանյութում: