Այդ 17 հոգու պատճառով 2-րդ նախագահը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի. Վ. Սողոմոնյանը՝ Ռ. Քոչարյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին
Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել. այս մասին ասել է
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան 2rd.am-ի հարցի, թե ինչպե՞ս կարձագանքի այն իրողությանը, որ երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:
«Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:
Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»,-ասել է Սողոմոնյանը: