«Երևան» հիմնադրամի տնօրենը պնդում է՝ իր հիմնադրամը կապ չունի ԱԱԾ-ի բացահայտման հետ
Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալիս հայտարարություն արեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Այսօր դատարանը քննում է նրա միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հարցը: Մինչ դատարանի վճիռը կայացնելը նա նշեց. «Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:
Դիտարկմանը, թե ինչու է այդ դեպքում ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե հիմքեր չկան, նա արձագանքեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են՝ հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:
Նա ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին են տեղեկացրել, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը: «Գույքի խնդիր է եղել այդ հիմնադրամում, դա ինձ հետ կապ չունի, ինձ հետ կապ ունի այնքանով, որ այդ գումարը եկել է հիմնադրամ, այնտեղից էլ գնացել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ»,-ասաց նա:
Աշոտ Ղազարյանն ընդգծեց, որ ինքն անձամբ չի ճանաչում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանին, ով ևս ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից: «Այդ անձնավորությանն արդեն բաց են թողել, այն դեպքում, երբ որ գումարը ձեռքին էին բռնել»,-հայտնեց նա:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ գործում ներգրավվածությանը՝ նա ասաց, որ քաղաքապետարանը կապ չունի, ուղղակի ներգրավված է այս գործի հետ կապված խոսակցություններում, քանի որ Երևանի քաղաքապետը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Աշոտ Ղազարյանը դատարանի բակում սպասելու է մինչև դատարանի վճիռը: Հավելենք, որ Աշոտ Ղազարյանը ձերբակալման օրից հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»: