Դեսպան Սմբատյանը մանրակրկիտ ներկայացրել է ՀՀ դիրքորոշումն ու հեռանկարները. գերմանացի պրոֆեսորը՝ ՀՀ դեսպանի ԼՂ մասին դասախոսության վերաբերյալ
Դեսպան Սմբատյանը Լայպցիգում մանրակրկիտ ներկայացրել է իր պետության
դիրքորոշումն ու հեռանկարները, ինչպես նաև համբերատար պատասխանել
բազմաթիվ հարցերի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Լայպցիգի համալսարանի, Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի մշակույթի պատմության Գլոբալ և Եվրոպական հետազոտություններ ծրագրի համակարգող, պրոֆ. Շտեֆան Թրյոբստը, ում խնդրել էինք կարծիք հայտնել մոտ 10 օր առաջ Լայպցիգի համալսարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ Լեռնային Ղարաբաղի
հակամարտությանը նվիրված դասախոսության վերաբերյալ:
Նշենք, որ Լայպցիգի, Գերմանիա և Ռոանոքի, ԱՄՆ համալսարանների շրջանավարտ, ԲԳԹ Հայկ Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր բաց նամակ` ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի՝ Լայպցիգի համալսարանում ունեցած դասախոսության հետ կապված և նշել, թե դեսպանը ցուցադրել է 3-4 քարտեզ, որոնցից մեկում Արցախը Ադրբեջանի կազմում է՝ իբրև անցյալ պատմական փաստ:
Պրոֆեսոր Թրյոբստը ներկայացրեց իրենց ինստիտուտի, մասնավորապես՝ սառեցված հակամարտություններին վերաբերող արդեն կատարված և դեռ կատարվելիք աշխատանքների մանրամասներ, որոնց անդրադարձել է նաև ՀՀ դեսպանն իր դասախոսության մեջ:
Նշենք, որ Լեյպցիգի համալսարանի Արևելյան Եվրոպայի մշակույթի պատմության ամբիոնը 5 երկրներից իր ուսանողներին, դոկտորանտներին և աշխատակիցներին պատրաստվում է սեպտեմբերին ուղարկել Հարավային Կովկաս՝ «Սառեցված հակամարտություններ Հարավային Կովկասում. Աբխազիա, Հարավային Օսիա և Լեռնային Ղարաբաղ» թեմայով սեմինարին մասնակցելու համար:
Պրոֆ. Թրյոբստի մեզ ուղղված ամբողջական պատասխանին գերմաներեն լեզվով
կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։