«Ցեղասպանություն» գրությամբ պաստառ պարզած ակտիվիստներն օգտագործել են խոսքի ազատության իրենց իրավունքը․ թուրքական դատարանն արդարացրել է ապրիլի 24-ի միջոցառման ակտիվիստներին
Ստամբուլի հանրապետական դատարանն արդարացրել է այս տարվա ապրիլի 24-ին Սուլեյմանիե թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ «ցեղասպանություն» գրությամբ պաստառներ պարզած ակտիվիստներին, տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը։
Հայտնի է, որ դատարանը շեշտել է, որ տվյալ անձինք օգտագործել են խոսքի ազատության իրենց իրավունքն ու որոշում կայացրել կասեցնել ոստիկանական հետապնդումները նրանց նկատմամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում ձերբակալվել էր 3 ակտիվիստ՝ Լեման Յուրթսեվերը, Ժիյան Թոսունը և Գամզե Օզդեմիրը։ Ցեղասպանություն բառի կիրառման համար նրանք ձեռնաշղթաներով ուղեկցվել էին ոստիկանական բաժանմունք ու ազատ արձակվել միայն հիշատակի միջոցառման ավարտից հետո։
The Human Rights Association-ի Թուրքիայի գրասենյակը, որն էլ հանդիսացել է հիշատակի միջոցառման կազմակերպիչը, դատական այս որոշման առիթով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։
«Մեզ համար շատ կարևոր է, որ այս որոշումը հատկապես ուշադրության առնվի որպես քաղաքական կամքի դրսևորում։ Այսուհետ ամեն ապրիլի 24-ին մենք մեր ձեռքի տակ ունենալու ենք այս որոշումը, և եթե ևս մեկ անգամ փորձեն խոչընդոտել մեր միջոցառմանը՝ ցույց կտանք այս որոշումը», - ասված է հայտարարության մեջ։