ԱՄՆ-ն դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Սիրիայի մտադրությունը
ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Սիրիայի իշխանությունների մտադրությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Երեքշաբթի հաղորդվել էր, որ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Դրանից հետո Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթացը:
«Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում: ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Սիրիայի մտադրությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ վրացական շրջանների հետ»,- ասված է հայտարարությունում:
Պետքարտուղարությունը հաստատել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ է և որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
ԱՄՆ պետքարտուղարությունը նաև կոչ է արել Ռուսաստանին հետ քաշել իր զորքերը 2008 թվականի հակամարտությանը նախորդող դիրքերին: