Ուկրաինայի վարչապետը Ռուսաստանին է մեղադրել Կիևում լրագրողի սպանության համար
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Ռուսաստանին է մեղադրել Կիևում լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար, գրում է segodnya.ua-ն:
«Վստահ եմ, որ ռուսական տոտալիտար մեքենան չի ներել նրան նրա ազնվությունն ու սկզբունքայնությունը»,- գրել է Գրոյսմանը Facebook-ի իր էջում:
Բացի այդ, նա Բաբչենկոյին անվանել է «Ուկրաինայի իսկական ընկեր» և հավելել է, որ լրագրողն «աշխարհին ճշմարտությունն էր պատմում ռուսական ագրեսիայի մասին»:
Այն մասին, որ Բաբչենկոյի սպանության հետևում կարող էր կանգնած լինել Կրեմլը, հայտարարել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նա հիշեցրել է, որ Բաբչենկոն ստիպված էր հեռանալ Ռուսաստանից՝ ստացած սպառնալիքների պատճառով:
«Նա շարունակում էր պայքարել ժողովրդավարական Ռուսաստանի, Ուկրաինայի համար և, իհարկե, Մոսկվան նրան դիտարկում էր որպես թշնամի»,- հավելել է ուկրաինական գերատեսչության ղեկավարը:
Ռուս լրագրող Բաբչենկոն սպանվել է մայիսի 29-ի երեկոյան՝ ստացած մի քանի կրակոցներից: Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ լրագրողը մահացել է շտապօգնության մեքենայում:
Ուկրաինական ոստիկանությունը հետաքննում է կանխամտածված սպանության մասին գործը: Դիտարկվում է մի քանի վարկած, այդ թվում՝ զոհվածի մասնագիտական գործունեությունը: Ռուսաստանի քննչական կոմիտեն նույնպես քրեական գործ է հարուցել:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բոլոր ջանքերը գործադրել գործի օպերատիվ հետաքննության համար:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է ռուս լրագրողի սպանությունը: