Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների աջակիցները Վճռաբեկից պահանջում են փոխել Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը (ուղիղ)
14:43
Վերաքննիչ քրեական դատարանից Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների աջակիցները քայլերթ իրականացրին դեպի Վճռաբեկ դատարան, որտեղ փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց Ժ. Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Նշեմ, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է կայացրել խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։ Ավելի քան երկու շաբաթ է, որ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում, իսկ դրա ընթացքի մասին հանրությունը որևէ տեղեկություն չունի։ Մենք պահանջում ենք հնարավորինս արագ քննել բողոքը և որոշում կայացնել, որը կլինի արդարացի։
Նշենք, որ բողոքը կարող է քննվել վեցամսյա ժամկետում, սակայն դա մեզ ձեռնտու չէ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը պետք է քննել արագ»,-ասաց Պապիկյանը։
Ցուցարարները Վճռաբեկ դատարանի մոտ սպասում են դատարանի ներկայացուցչին իրենց պահանջը գրավոր ներկայացնելու համար։
13:36
Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների աջակիցները Վերաքննիչ քրեական դատարանից Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Ցուցարարները վանկարկում են՝ «դատախազ, հեռացիր», «ազատ, անկախ դատարան» և «ազատություն»:
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել։
Նշենք, որ նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանում այս գործով բողոքները լսում են դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:
Առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը: