ԵՊՀ ռեկտորի հիվանդության համար մենք մեզ մեղավոր չենք զգում, իրեն ասել ենք՝ երբ ուզում է՝ կարող է դուրս գալ, ներս գալ. Դ. Պետրոսյան
Ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի հետ կապված «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունում ոչ մի բան չի փոխվել՝ պահանջում են նրա հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի ու արհմիության լուծարումը, անկախ աուդիտի անցկացումը, պարզապես ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիաները՝ կապված ռեկտորի հիվանդության հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեց նախաձեռնության հեղինակ Դավիթ Պետրոսյանը։
«Մինչև հասկանանք՝ իր առողջականը ոնց է»,-հստակեցրեց նախաձեռնության հեղինակը:
Դիտարկմանը, որ Արամ Սիմոնյանը «դե, կուտակվում է, էլի» բառակապակցությամբ է պատասխանել Tert.am-ի այն հարցին, թե իր ինքնազգացողության վատթարացման պատճառը երեկ ԵՊՀ ռեկտորատի իրադարձություննե՞րն էին, և հարցադրմանը՝ հետևաբար, իրենք իրենց մեղավոր զգո՞ւմ են ռեկտորի հիվանդության համար, Դավիթ Պետրոսյանն ասաց. «Իհարկե, ոչ: Նաև ասեմ, որ երբ ես մտա այդ սենյակ և ասացի՝ մենք Ձեր մուտքը չենք խոչընդոտելու, դուռը բաց է, երբ ուզում եք՝ կարող եք դուրս գալ, ներս գալ, ով ուզի, կարող է գալ, գնալ, ինքը ասաց՝ շատ լավ: Ու հետո ինքը դուրս է եկել, գնացել է մոտ 2 ժամից»:
Նշենք, որ մի խումբ ուսանողներ շարունակում են մնալ գիտխորհրդի դահլիճում և ասում են, որ ուսանողներն ու դասախոսները կարող են գալ քննարկումների, նաև քննությունների պատրաստվելու համար:
Գիշերը ուսանողներն ու Դավիթն անցկացրել են այնտեղ: Նրանց այցելել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳ փոխնախարարները, Սփյուռքի նախարարը:
Նշենք, որ ՀՌԱՀ անդամներից Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ տհաճություն պատճառեց Ռեստարտի ակտիվիստների և ԵՊՀ ռեկտորի «երկխոսության» տեսագրության դիտումը: Ու խնդիրն այստեղ ռեկտոր Սիմոնյանի գործունեության գնահատականը չէ (այն մեծ մասամբ, այո, դրական չէ), ոչ էլ այդ «երկխոսության» բովանդակային մասը:
Առաջին խնդիրը՛ ձևն է, երբ տարեց, հիվանդ մարդուն նստեցնում են մեղադրյալի աթոռին նրա թոռների տարիքի ուսանողները, որոնք, թվարկելով Ա. Սիմոնյանի մեղքերը, կարծում եմ, չափազանց գերագնահատում են դատավոր լինելու սեփական ունակություններն ու իրավունքները: Ու ոչ մի միտք չեն արտահայտում ԵՊՀ ապագայի մասին, ոչ մի տեսլական, պայծառ գաղափար, ծրագիր… Միայն անցյալի վիրավորանքների թվարկում: Երկրորդ խնդիրը ոճն է (բանավեճի կանոնների խախտում, անձի որակումներ, վիրավորանքներ, բացասական էմոցիաներ…)», -գրել է Տիգրան Հակոբյանը և առաջարկել գտնել ԵՊՀ խնդիրների լուծման, ռեկտորի հրաժարականի պահանջի այլ եղանակներ, այլապես տխուր կլինի, եթե, «շշմելու հեղափոխության պլյուսը աննկատ փոխվի հեղափոխական մինուսի»:
Ի պատասխան քննադատության, Դավիթ Պետրոսյանն ասաց. «Եթե ուսանողների հարցերը ռեկտորին դիտարկվում է որպես հարցաքննություն, ուրեմն իրենք խնդիր ունեն հարցուպատասխանի հետ: Եթե քննադատությունն ընդունվում է որպես հալածանք, ուրեմն այդ մարդիկ խնդիր ունեն հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում քննադատությունը»:
Այնուամենայնիվ, հարցադրմանը, որ չունե՞ն մտավախություն, որ տեսարաններով են առաջնորդվում, նախաձեռնության հեղինակն ասաց. «Կարող է ինչ-որ մարդիկ դեմ լինեն, ինչ-որ մարդիկ՝ կողմ, անպայման չէ, որ բոլորը կողմ լինեն, բայց նորից եմ կրկնում՝ ամեն ինչ արվել է քաղաքակիրթ պայքարի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մայիսի 28-ին ԵՊՀ-ն քաղաքական ճնշման է ենթարկվել ԿԳ նախարարի, Վարչապետի Վերահսկողական ծառայության ղեկավարի և փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի կողմից։
Դավիթ Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե այս անձանց կողմից «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը որևէ ուղղորդում եղե՞լ է, ասաց. «Ուսանողներիս, մենք ինչ սկսում ենք, մեզ ոչ ոք չի ուղղորդել ու չի էլ կարող ուղղորդել, և մենք դա շատ պարզ ցույց ենք տվել»:
Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում 2 մլն. 600 հազար դրամի սեղան է գնվել, 1 միլիոնի դրամի՝ աթոռ և 1 միլիոնի՝ ծաղկային կոմպոզիցիա, սակայն Արամ Սիմոնյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե 1 սեղանի, աթոռի ու ծաղկային կոմպոզիցիայի մասին է, այլ սեղանների, նստարանների, աթոռների, ծաղիկների ու ծաղկեփնջերի:
Հարցին, թե ինչու են սեղան, աթոռ, ծաղկային կոմպոզիցիա բառերն օգտագործվել եզակի թվով, նախաձեռնության հեղինակը հստակեցրեց, որ գնումների պլանում հենց այդպես էլ նշված է եղել՝ սեղան-1 հատ:
«Մենք հիմնվում ենք իրենց գնումների պլանում եղած հայտարարության վրա, այդ ամեն ինչը գրված է ու գրված է՝ 1 հատ, 1 ծաղկային կոմպոզիցիա: Եվ նորից եմ ասում՝ մեր հայտարարած թիվը փաստացի գնումների պլանում կա,-ասաց Պետրոսյանը,-Արամ Սիմոնյանը մեզ նաև անվանել է զոռբաներ, բռնարարներ, ուղղակի ինքը հիվանդանոցում է, չեմ ուզում իր խոսքերին անդրադառնալ»:
Նշենք, որ երեկ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն ու Արամ Սիմոնյանը հայտարարում էին, թե խոսքը տարվա ընթացքում գնված ծաղկեփնջերի մասին է, ոչ թե մեկ 1 միլիոն դրամանոց կոմպոզիցիայի, ու որ ուսանողները ապրիլյան, արցախյան պատերազմի զոհերի հիշատակին այցելելիս այդ գումարով մեխակներ են գնել:
«Բայց փաստն այն է, որ գրված է 1 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիա ու քանակն էլ գրված է՝ 1 հատ: Ու ես էլ, որ համալսարանի հետ կապված ինչ-որ տեղ եմ գնացել, ես եմ ծաղիկ գնել»,-ասաց Պետրոսյանը։