Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազում հնարավոր է տեղի չունենա. էներգետիկայի նախարար
Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազում հնարավոր է տեղի չունենա, բայց բարձրացում հաստատ չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի քվոտայով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը։
Նա մանրամասնեց, որ սակագնի նվազեցման հարցի շուրջ քննարկումներն ընթանում են ոչ թե կառավարությունում, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։
«Մասնագետները սկսել են քննարկումները երեկ երեկոյան, արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, սակագների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ քննարկումներ կլինեն»,-շեշտեց նախարարը։
Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ սակագները կարող են վերանայվել 6 ամիսը մեկ, ուստի հնարավոր փոփոխությունները կարող են լինել միայն օգոստոսից հետո։
Նախարարը նաև ընդգծեց, որ գազի ներտնային սպասարկման վճարները չեն վերանա, դրա մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Նախարարը նաև անդրադարձավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ ասելով, որ այն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի օգտակար է։
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- շեշտեց նա:
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ, որ կետերը ձեռնտու չէին պետությանը և եթե ձեռնտու չէին, ապա ինչո՞ւ էր նախկին կառավարություննը այն հանձնել հավատարմագրային կառավարման։
Անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց․ «Բացարձակ սուտ է»: