Կալիֆորնիայում Tesla-ի էլեկտրամեքենան ինքնակառավարման ռեժիմով ընթանալիս բախվել է ոստիկանական մեքենայի
Ամերիկյան Tesla ընկերության ավտոմեքենան Կալիֆորնիայի Լագունա Բիչ քաղաքում ինքնակառավարման ռեժիմով ընթանալիս բախվել է կայանված ոստիկանական մեքենայի: Model S էլեկտրամեքենայի վարորդն աննշան վնասվածքներ է ստացել, հայտնում է TMZ-ն:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանական մեքենան կանգնած է եղել կայանման համար նախատեսված գոտում և դատարկ է եղել:
Նման վերջին դեպքը տեղի էր ունեցել Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ մայիսի 11-ին: Այնտեղ Model S էլեկտրամեքենան հրշեջ մեքենային մոտենալիս չէր դանդաղեցրել ընթացքը, այլ արագացրել էր այն և բախվել մեքենային: ՃՏՊ-ի հետևանքով Tesla-ի ղեկին նստած վարորդը կոճի կոտրվածք է ստացել: Հրշեջ մեքենայի վարորդին բուժօգնություն չի պահանջվել:
Tesla-ի արտադրած ավտոմեքենաներում ինքնակառավարման համակարգը վերջին ամիսներին ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում քննադատության: Դրանով ընթացող ավտոմեքենաները մի շարք վթարների մեջ են հայտնվում, այդ թվում՝ մահացու ելքով: Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ նշված տեխնոլոգիան նախատեսված չէ առանց մարդու մասնակցության աշխատելու համար: