Քանի՞ տարի տնտեսական աճ պետք է ունենանք, որ կարողանանք անդրադառնալ թոշակի խնդրին. Մ. Մելքումյանը՝ Ա. Ջանջուղազյանին
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե 7,5% տնտեսական աճի դեպքում ինչո՞ւ այդպես էլ չեն կարողանում թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել: Նա հարցրեց, թե ի վերջո որքա՞ն աճ է անհրաժեշտ, որ կարողանան այդ քայլին գնալ:
«Այսինքն՝ աճը որակ չունի, որ կարողանանք 2000 դրամով թոշակ բարձրացնել: Քանի՞ տարի աճ պետք է ունենանք, որ կարողանանք անդրադառնալ թոշակի խնդրին»,-ասաց նա և բացի այդ հետաքրքրվեց՝ ՓՄՁ-ներն այդ աճում որքա՞ն դեր են ունեցել:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 7,5%-ը իրական աճն է, բայց ՀՆԱ-ն աճել է 9,8%-ով: «Իսկ հարկը, ինչպես հայտնի է, առաջանում է ՀՆԱ-ից, և այդ աճի պայմաններում հարկային եկամուտներն աճել են 10,7%-ով: Դա նշանակում է, որ մենք ունեցել ենք հարկային եկամուտների առաջանցիկ աճ, քան ՀՆԱ-ն է աճել: Հիմա արդյոք հնարավո՞ր էր այս աճը օգտագործել 17-18թթ.-ին թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար: Հնարավոր չէր, որովհետև այս աճը չի վերաբերում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության փոփոխությանը: Այսինքն՝ այն մասն է, որ բացատրվում է ոչ թե տնտեսական զարգացումներով, ինչպիսին, օրինակ, պղնձի գների բարձրացումն է և այլն, այլ բացատրվում է վարչարարության և օրենսդրության փոփոխություններով: Հետևաբար՝ այս գումարները չեն կարող օգտագործվել որոշակի նոր պարտավորություններ ստանձնելու համար, և նպատակադրումը պարտքը կայունացնելն է»,-ասաց նա:
Իսկ թե ե՞րբ է հնարավոր սոցիալական ծախսերի ուղղությամբ վերանայում իրականացնել, Ջանջուղազյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ Ձեր հետ միասին կունենանք համոզմունք, որ մեր գործողությունները հասցրել ենք նրան, որ տնտեսական աճը և հարկային եկամուտների հնարավոր աճը կայուն, կասկած չհարուցող վարքագիծ են ունենալու առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում»:
Միքայել Մելքումյանը նշեց, որ չի կիսում այդ մոտեցումները և հիշեցրեց՝ 2015թ.-ին են վերջին անգամ թոշակ ու աշխատավարձ բարձրացրել: