Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում 35 օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինցիների հրթիռակոծություններին
Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Գազայի հատվածում զինված խմբավորումների 35 օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինցիների հրթիռակոծությունների: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի բանակի մամուլի ծառայությանը:
«Իսրայելի պաշտպանության բանակը գործի է դրել ավիացիան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումներին պատկանող յոթ ահաբեկչական համալիրներում 35 ահաբեկչական թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հարձակման են ենթարկվել շտաբներ, զենքի պահեստներ, ինչպես նաև թունել, որը Գազայի հատվածից ուղղվում էր Իսրայել Եգիպտոսի տարածքով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պաղեստինցի զինյալները Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանց մի մասը վնասազերծվել է հակահրթիռային համակարգերի կողմից:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը Twitter-ի իր էջում նշել է, որ խոսքը «բազմաթիվ» հրթիռային հարվածների մասին է։
Իսրայելական մամուլը նշում է, որ սա ամենամասշտաբային հրթիռակոծումն է 2014 թվականի ամառվանից ի վեր։
Վերջին երկու ամիսների ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լրջորեն սրվել է Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին:
Գազայի հատվածում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են իսրայելցի զինվորականների հետ բախումների, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել: