Կուբայում և ԱՄՆ-ում մոլեգնում է «Ալբերտո» փոթորիկը. տարհանվել է 11.000 մարդ, կան զոհեր (լուսանկարներ)
Կուբայում մոլեգնող «Ալբերտո» փոթորկի հետևանքով տարհանվել է 11.000 մարդ, հայտնում է Prensa Latina-ն՝ մանրամասնելով, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով:
Հայտնի է, որ փոթորկի թիրախում հայտնված շրջաններում արդեն խուճապ է սկսվել:
Կուբայի երկաթուղիների միությունը հայտարարել է ազգային մակարդակով ուղևորատար տեղափոխումների ժամանակավոր դադարեցման մասին:
ria.ru-ն հավելում է, որ «Ալբերտո» ենթարևադարձային փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա և մի շարք այլ նահանգներ: Հայտնի է, որ քամու արագությունը 72 կմ/ժ է:
Փորձագետները կանխատեսել են, որ փոթորիկը կարող է նահանգի տնտեսությանը 400-500 մլն դոլարի վնաս պատճառել:
Հաղորդվում է նաև, որ Ալաբամա նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ալբերտո» փոթորկի հետևանքով Հյուսիսային Կարոլինայում գրանցվել է երկու զոհ: WYFF News 4 հեռուստաալիքի երկու աշխատակիցները ռեպորտաժ էին նկարահանում եղանակային անբարենպաստ պայմանների մասին, երբ նրանց վրա ծառ է ընկել: